BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ինչի մասին են խոսելու Պուտինն ու Փաշինյանը Երևանում

Ինչի մասին են խոսելու Պուտինն ու Փաշինյանը Երևանում
15.09.2018 | 11:21

Տեղեկություններ եղան, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այց է կատարելու Հայաստան: Նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով, որ մեջբերել է «Известия»-ն, այցի ժամկետները ավելի ուշ կհամաձայնեցվեն: Հավանաբար` Պուտինը Երևան կմեկնի Բաքու այցից հետո մեծ շրջագայության ձևաչափում (ամսվա վերջին նա կլինի Դուշանբեում, որտեղ կկայանա ԱՊՀ ղեկավարների հանդիպումը): Պետք է կարծել, որ Դուշանբեում կլինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թեպետ պաշտոնական հաստատում դեռ չկա: Մոսկվայի անոնսած այցը Երևան` հայկական ԶԼՄ-ները ներկայացնում են իբրև «պատասխան Փաշինյանի հրավերի»` նրա Մոսկվա այցի ու Կրեմլյան բանակցություններից հետո: Ճիշտ է` այն ժամանակ այցի ժամկետը համարվեց «կամ այս տարեվերջին, կամ եկող տարեսկզբին»:

Բայց սեպտեմբերի 8-ին Կրեմլում հանդիպումից հետո, ակնհայտորեն, նոր հանդիպման անհրաժեշտություն է առաջացել, որ թույլ կտա պարզել երկու երկրների փոխհարաբերությունների որոշ պահեր, որոնք մակերևույթին են: Նախ` աչքի է զարնում, որ Մոսկվայում բանակցություններից հետո ռուս-հայկական նոր երկխոսության գնահատականներով հանդես եկավ միայն Նիկոլ Փաշինյանը: «Коммерсант»-ին հարցազրույցում նա հայտարարեց, որ «հայ-ռուսական հարաբերությունները հիմա գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, աննախադեպ բարձր մակարդակի» և «փաստացի մեր հարաբերություններում ոչ մի խնդիր չկա»: Մոսկվայում բարձր մակարդակում ձեռնպահ մնացին որևէ գնահատականից: Ճիշտ է` օրերս Երևանում էր ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությունը: Երկու երկրների պատգամավորները տեսակետներ փոխանակեցին խորհրդարանների հետագա համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Կալաշնիկովը հայտարարեց, որ «Ռուսաստանի ու Հայաստանի կապերը եղել են ու մնում են բարձր մակարդակի վրա» և ընդգծեց «խորհրդարանական դիվանագիտության դերի ու միջազգային խորհրդարանական հարթակներում համագործակցության կարևորությունը»:

Առայժմ այդքանը: ԶԼՄ-ներում եղան տեղեկություններ, որ սկսվել են ռուս-հայկական բանակցություններ Մոսկվայի` Երևանին տված 100 միլիոն դոլար ռազմական վարկի իրականացման վերաբերյալ: Մի կողմից դա վկայում է, որ Ռուսաստանը, չնայած քաղաքական ցնցումներին Հայաստանում, շարունակում է նրա հետ ռազմատեխնիկական համագործակցությունը: Մյուս կողմից` հենց այդ պահին Երևանում հայտարարեցին «Շանթ 2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների մասին, որի սցենարով ՀՀ ԱԺ-ն որոշում է ընդունում Ադրբեջանին պատերազմ հայտարարելու մասին: Ինչպես Փաշինյանը հայտարարեց` «զորավարժությունների հիմնական նպատակը պետական կառավարման մարմինների գործողությունների մշակումն է խաղաղությունից ռազմական գործողությունների անցման վիճակում»: Իհարկե, ցանկացած երկրի բանակ պարտավոր է զորավարժություններ անել: Բայց ինչու՞ էր պետք նման սցենար օգտագործել, որ բնականաբար, հարուցեց Բաքվի համարժեք արձագանքը, որ հայտարարեց համանման զորավարժություններ անցկացնելու մասին: Խնդիրը միայն այն չէ, որ նման գործողությունները տապալում են կոնֆլիկտի կարգավորման բանակցային գործընթացը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումն է նախապատրաստվում, որ հնարավոր է միայն նախկին օրակարգի պահպանության դեպքում` Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կատարման, որ նշանակում է վերահսկողություն հակամարտող կողմերի շփման գծում ու միջազգային դիտորդների առկայություն:

Օբյեկտիվորեն ենթատեքստի ինտրիգին է հյուսվում ռուսական ռազմական վարկը: Ավելին` ռուս-հայկական ռազմատեխնիկական համագործակցության առանձին կողմը Երևանը սկսում է ինտեգրել ոչ միայն Հայաստանի ու Ռուսաստանի, այլև Ադրբեջանի երկխոսության քաղաքական օրակարգում: Այս ամենը ստիպում է մտածել` դատելով Փաշինյանի վարքագծից ու հակասական հայտարարություններից, որ նա դեռ նոր է ձևավորում տարածաշրջանային անվտանգության բացառապես սեփական հայեցակարգ, որ մանրակրկիտ վերլուծություն է պահանջում: Եվ դա այն դեպքում, որ նա իշխանության է եկել անսովոր հանգամանքներում ու հիմա սրված ներքաղաքական պայքարի մեջ է: Այնպես որ Երևանում ՌԴ նախագահի երկխոսությունը ՀՀ վարչապետի հետ կարող է բարդ լինել, իսկ Մոսկվայի հետ նույնիսկ ախտորոշիչ: Գաղտնիք չէ, որ հիմա ռուսական շրջանակներում տարբերակներ են մտածում` ինչպե՞ս ու ու՞ր գնալ Հայաստանի հետ: Հարց է` ու՞ր է ուզում գնալ Հայաստանը: Առայժմ, ինչպես հաղորդում է Sputnik Armenia-ն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Նյու Յորք այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանդիպումը չի կայանա: Գործակալությունը 3 պատճառ է նշում` Փաշինյանի այցերը Ռուսաստան, հայ զինվորականների մասնակցությունը մարդասիրական առաքելությանը Սիրիայում ու ռուս մասնագետների մուտքը ամերիկյան լաբորատորիաներ Հայաստանում: Տեսնենք` ինչ կլինի: Արդեն սպառվում է հայկական նոր կառավարությանը տրված` աշխարհաքաղաքական կոնկրետ իրավիճակներին ընտելանալու ժամանակը:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Հետո էլ ասում են` ո՞վ է հակառուսական տրամադրություններ տարածում Հայաստանում: Չափազանց տեղեկացված փորձագետ լինելով` Ստանիսլավ Տարասովը հաստատ գիտի` ինչ խնդիրներ կան ռուս-հայկական օրակարգում և եթե շրջանցում է այդ խնդիրներն ու տրվում դեմագոգիայի ու փաստերի աղավաղման, ուրեմն խնդիր կա` լուրջ խնդիր` Հայաստանի քայլերը հասկանալու: Մի հարցում Տարասովը ճիշտ է` Մոսկվայում բանակցություններից հետո ռուս-հայկական նոր երկխոսության գնահատականներով հանդես եկավ միայն Նիկոլ Փաշինյանը ու չափազանց խանդավառ գնահատականներ տվեց, որ ընդգծվում էր Պուտինի գնահատականների բացակայության համապատկերում: Շատ տարօրինակ է, որ Մոսկվան խաղասեղանին է դնում 100 միլիոն դոլար ռազմական վարկը, հատկապես Ալիևի հետ ռազմատեխնիկական համագործակցության խորացման, նրան համառորեն ԵԱՏՄ ու ՀԱՊԿ հրավիրելու շրջագծում: Դա փաստացի` Ադրբեջանին զենք վաճառելու հարցից խուսանավելու տարբերակ է: Նույնքան տարօրինակ է համեմատել Երևանում «Շանթ 2018» հրամանատարաշտաբային զորավարժությունները և Բաքվի` սեպտեմբերի 17-22-ի զորավարժությունները, որոնց մասնակցելու է 20 հազար զինծառայող, 20 տանկ և այլ ծանր տեխնիկա, 120 հրթիռահրետանային կայանք, 20 մարտական ավիացիա, կիրառվելու են ադրբեջանական բանակի` վերջին տարիներին գնած սպառազինությունները։ Ստացվում է` Հայաստանը զորավարժություններ անելիս` պիտի հարցնի Բաքվի կարծիքը` ու՞մ անվանել պայմանական հակառակորդ: Բացարձակապես կապ չկա «Շանթ 2018»-ի անցկացման ու Ադրբեջանի զորավարժությունների հետ` «Շանթից» առաջ էլ, հետո էլ Բաքուն զորավարժություններ է արել ու անելու է: Առավելևս հասկանալի չէ, թե ինչո՞վ են զորավարժությունները տապալում կոնֆլիկտի կարգավորման բանակցային գործընթացը, կամ` վտանգում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որ «հնարավոր է միայն նախկին օրակարգի պահպանության դեպքում` Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կատարման, որ նշանակում է վերահսկողություն հակամարտող կողմերի շփման գծում ու միջազգային դիտորդների առկայություն»:

Եթե դա է օրակարգը, հանդիպումը չի կայանա, որովհետև Բաքուն այդ օրակարգը չի ընդունում 2016-ից առայսօր: Ռուսական ռազմական վարկն էլ Հայաստանի ու Ռուսաստանի, կամ` Ադրբեջանի երկխոսության քաղաքական օրակարգ ներմուծելը մանրամասն բացատրության կարիք ունի: Եթե Նիկոլ Փաշինյանը նոր է ձևավորում տարածաշրջանային անվտանգության բացառապես սեփական հայեցակարգ, ի՞նչ մտահոգություն ունի Մոսկվան: Որ այդ համակարգում միայն Ռուսաստա՞նը չի լինի: Կամ` ո՞վ է սրում ներքաղաքական պայքարը Հայաստանում, ո՞վ է Միքայել Հարությունյանին ՌԴ քաղաքացի լինելու պատճառաբանությամբ` պահում Ռուսաստանում` խոչընդոտելով մարտի 1-ի իրադարձությունների հետաքննությանը: Ո՞վ է իր հովանու տակ առել Յուրի Խաչատուրովին ու շանտաժ է անում ՀԱՊԿ նախագահությունը Բելառուսին փոխանցելու տարբերակով: Ո՞ր երկրի ԱԳ նախարարն է իր հովանու տակ առել Ռոբերտ Քոչարյանին: Այո, ՌԴ նախագահի երկխոսությունը ՀՀ վարչապետի հետ Երևանում կարող է բարդ լինել, բայց բոլորովին այլ պատճառներով: Եթե, իհարկե, ՀՀ վարչապետը չշտապի իր խանդավառությունը սփռել նաև Երևանի հանդիպման վրա ու չհայտարարի` խնդիրներ չկան: Խնդիր կա` Ռուսաստանը չի հասկանում` ի՞նչ է Հայաստանում կատարվում: Եվ շատ մեծ ցանկություն ունի, որ ԱԺ արտահերթ ընտրություններ Հայաստանում չլինեն ու խորհրդարանական մեծամասնության միջոցով իշխանությունը վերադարձնի երկրորդ նախագահին: Վատ են աշխատում Հայաստանում ՌԴ դեսպանատանը, եթե Հայաստանն այդքան անհասկանալի է մնում Մոսկվայի համար: Վատ են աշխատում նաև ՀՀ ԱԳՆ-ում, եթե Ռուսաստանը կարողանում է առաջին հայացքից անմեղ որոգայթներ լարել, որոնց հետևանքով փորձում է ձախողել ՀՀ-Արևմուտք հարաբերությունները` սկսած Փաշինյանի այցերից ՌԴ, մինչև հայ զինվորականների մասնակցությունը մարդասիրական առաքելությանը Սիրիայում ու ռուս մասնագետների մուտքը ամերիկյան լաբորատորիաներ Հայաստանում: Իսկ սպառնալիքը, որ «սպառվում է հայկական նոր կառավարությանը տրված` աշխարհաքաղաքական կոնկրետ իրավիճակներին ընտելանալու ժամանակը», ընդամենը նշանակում է, որ Ռուսաստանը ի վիճակի չէ ընդունել Հայաստանում կատարված փոփոխությունները: Ու` ի՞նչ: Պուտինը Բաքվից հետո գալու է Երևան, որ ի՞նչ ասի այդ պարագայում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3074

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ